AM
27 July 2009 - 07:41 AMT

«Այ Էս Ջի» ընկերության ապահովագրական ծառայությունները բանկային ոլորտում բավականին մեծ պահանջարկ ունեն

Հայաստանի ապահովագրական շուկայում պահանջարկ է վայելում բանկային վարկային ռիսկերի ապահովագրումը, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Այ Էս Ջի» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գալստյանը: «Տարվա սկզբից մենք ակտիվորեն համագործակցում ենք 10 հայկական բանկերի հետ վարկային ռիսկերի ապահովագրման ուղղությամբ, որը շատ արդյունավետ է ընթանում»,-ասել է նա: Ինչպես պարզաբանել է Գալստյանը, գաղտնիք չէ, որ ժամանակակից հայկական բանկերը վարկային զուսպ քաղաքականություն են վարում, ուստի ապահովագրական ծառայությունները բավականաչափ պահանջված են:

Նոր ուղղությունների թվում Գալստյանը նշելէ նաեւ երաշխիքների տրամադրումը հայտարարված մրցույթների մասնակիցներին: «Մեր հաճախորդներն են պետական հաստատությունները, այդ թվում Հայաստանի պետգնումների գործակալությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ընկերությունը երաշխիքներ է տրամադրում նաեւ սոցիալական ոլորտում»,-ասել է նա: Ինչպես նշել է Գալստյանը, ընկերությունը երաշխիքներ է տրամադրում` գնահատելով մրցույթի մասնակիցների վճարունակությունը:

Ինչպես ասել է Գալստյանը, ընկերությունը հիմնականում շեշտը դնում է ավիացիոն ռիսկերի ապահովագրոթյան վրա, ընդ որում ավիացիոն ռիսկերի հաշվին է ընկերության եկամուտների 95 տոկոսը, ուստի ճգնաժամը աննշան ազդեցություն ունեցավ ընկերության վրա: «Մարդիկ միեւնույն է թռչում են եւ դա է մեր առավելությունն այս պահին»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Գալստյանը հավելել է, որ հավաքագրել է 1.460.337.466,00 ՀՀ դրամ ապահովագրավճար` ապահովելով իր առաջատար դիրքը (2-րդ տեղ) 2008թ-ի ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում գործող 11 կազմակերպությունների միջեւ: Դա հսկայական գումար է հայկական շուկայի համար, եթե հաշվի առնենք, որ ընկերության հիմնադիր կապիտալը 500 մլն դրամ է»,-հավելել է գործադիր տնօրենը:

«Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում եւ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` «Գրանդ» Ապահովագրական ընկերության հիման վրա:

«Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդ» ընկերությունը:

«Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ն համագործակցում է այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Արմավիա» ավիաընկերությունը, «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ինթերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ-ն, իսկ բանկային ոլորտում` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ն, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն, «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն, «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն եւ այլն:

Ընկերության մուտքն ապահովագրական շուկա նպատակաուղղված է եղել /եւ մնում է այդպիսին/ ավիացիոն հնարավոր ռիսկերի ապահովագրության իրականացմանը: ՀՀ-ում ավիացիայի դերն ու նշանակությունը առավել է կարեւորվում` պայմանավորված հանրապետության աշխարհաքաղաքական բավականին բարդ տեղակայվածությամբ:

Տվյալ պարագայում ընկերությունը հնարավոր առավելագույն պատասխանատվության զգացողությամբ ստանձնում եւ իրականացնում է ընկերության գերակայությունը հանդիսացող` ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը, եւ հիմնական գործընկերն այս ոլորտում հանդիսանում է ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:

«Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ն գործում է ոչ կյանքի ապահովագրության ոլորտում եւ առաջարկում է ապահովագրական հետեւյալ ծառայությունները` ավիացիոն ապահովագրություն, ավտոմեքենայի (նաեւ այլ ցամաքային փոխադրամիջոցների) եւ այն օգտագործելուց բխող պատասխանատվության ապահովագրություն, գույքի ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, փոխադրվող գույքի (նաեւ բեռների) ապահովագրություն, արտերկիր մեկնողների բժշկական ապահովագրություն (աջակցության ապահովագրություն), ընդհանուր պատասխանատվության (նաեւ մանսագիտական) ապահովագրություն, ֆինանսական վնասների ապահովագրություն, երաշխիքի տրամադրում:

Կազմակերպության ապահովագրական ռիսկերը վերաապահովագրվում են Անգլիական Լլոյդս շուկայի անդամ հանդիսացող, ինչպես նաեւ միջազգային բարձր հուսալիության վարկանիշ ունեցող վերաապահովագրական ընկերություններում, ինչպիսիք են` New Hampshire per AIG Europe (UK) Ltd, Generali IARD, Aspen Insurance UK Limited, Catlin Insurance Company (UK) Ltd., Munchener Ruckversicherungs-Gesellschaff, International Insurance Company of Hannover Ltd. Tokio, Allianz Global Corporate and Speciality AG եւ այլն: Վերաապահովագրող կազմակերպությունների հուսալիության վարկանշումը կատարվել է S&P, AM Best, Fitch եւ այլ միջազգայնորեն ընդունելի վարկանշող կազմակերպությունների կողմից, որը հետեւաբար ընդունելի է համարվում նաեւ ՀՀ ԿԲ-ի համար: