AM
30 July 2009 - 09:50 AMT

ՀԲ-ի խմբի ֆինանսական օգնությունը 2009թ. երկրորդ կիսամյակում ավելացել է 58 տոկոսով

Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական օգնությունը 2009թ. երկրորդ կիսամյակում ավելացել է 58 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է ՀԲ երեւանյան գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, 2009թ. ֆինանսական տարվա ընթացքում, ժամանակահատված, որը նշանավորվեց հանկարծահաս գլոբալ տնտեսական ճգնաժամով, Համաշխարհային բանկի խումբը ԵԿԱ տարածաշրջանում տրամադրել է 12.5 միլիարդ ԱՄՆ դոլար` անդամ երկրներին եւ մասնավոր հատվածին: Նախորդ ֆինանսական տարվա համեմատ, հատկացումները 58 տոկոսով ավելի են, կապված միջոցների արագ տրամադրման հետ` ուղղված մեղմելու գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը աղքատ բնակչության վրա, ինչպես նաեւ օգնելու երկրներին հետ-ճգնաժամային վերականգնման գործում:

Արագորեն փոխվող տնտեսական միջավայրում, Համաշխարհային բանկը շարունակում է մնալ զարգացման էական գործընկեր` արձագանքելով տնտեսական աջակցության աճող պահանջարկին: Աշխատատեղեր ստեղծելուն աջակցելու նպատակով, Բանկը ֆինանսավորեց աշխատատար ենթակառուցվածքային ծրագրեր ողջ տարածաշրջանում, ներառյալ Հայաստանի համար 35 միլիոն դոլարի 3 ծրագրերի փաթեթը, որը մշակվեց տնտեսական ճգնաժամին ի պատասխան` Արագ արձագանքման հիմնադրամի շրջանակներում:

Բանկը նաեւ էական դեր խաղաց ֆինանսական հատվածը կայունացնելու գործում` բյուջեի աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանի երկրնրից մոտ կեսին, բանկային հատվածում ախտորոշիչ աշխատանքներ տանելով եւ օգնելով անդամ երկրներին վերակազմավորել ու վերաֆինանսավորել բանկային հատվածը: