Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորումը, որ նախատեսված է գյուղական ճանապարհների վերականգնման համար, թույլ կտա կրճատել բերքի կորուստները 40 տոկոսով, մամլո ասուլիսում հայտարարել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Ծրագիրը կօգնի ֆերմերներին մինչեւ 40 տոկոսով կրճատել բերքի կորուստները շուկա հասնցնելու ճանապարհին, միաժամանակ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, որի արդյունքում կաճեն գյուղացիների եկամուտները»,-ասել է նա` հավելելով, որ Հայաստանի գյուղական շրջանների ճանապարհները գտնվում են թշվառ վիճակում, ինչն էլ զգալի կորուստների է հանգեցնում տնտեսության մեջ:
Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը օգոստոսի 27-ին հաստատել է 36,6 մլն դոլարի լրացուցիչ միջոցների հատկացումը Հայաստանին` «Ճանապարհների տեւական վերականգնում» ծրագրի համար:
Ինչպես նշել է Վարուդակիսը, վարկային միջոցները կտրամադրվեն 25 տարով, 10-ամյա արտոնյալ ժամկետով` Libor վարկային դրույքի սահմաններում: Շինարարական աշխատանքներն, ըստ նրա, կսկսվեն 2009 թվականի վերջում եւ կավարտվեն մինչեւ հաջորդ շինարարական տարվա ավարտը (2010 թվականի նոյեմբերին): «Շինարարական աշխատանքների արդյունքում կվերանորոգվեն 140 կմ գյուղական ճանապարհներ Հայաստանի յոթ շրջաններում»,-ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը:
Այդ առնչությամբ Վարուդակիսը նշել է, որ գյուղական ճանապարհների վերականգնումնը կնպաստի ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը թույլ կտա մեղմել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: «Իրագործվող ծրագրի շրջանակներում ամսեկան կստեղծվի շուրջ 10 հազար աշխատատեղ»,-ասել է նա:–ԿԱ–