Ռուսական գազը Հայաստան է առաքվում նույն ծավալով, PanARMENIAN.Net-ի թղթակցին են ասել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունում: «Վրաստանից ռուսական գազը ստացվում է առանց ընդհատումների եւ նույն ծավալով»,-ասել է ընկերության մամալո ծառայության ներկայացուցիչը: Թղթակցի այն հարցին, թե արդյոք վրացական ընկերությունը չի տեղեկացրել կամ չի զգուշացրել դրա մասին, մամլո ծառայությունում ասել են, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ինգուշեթիայում վնասվել է Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազատարը: «Մոզդոկ-Թբիլիսի» գազամուղը միացնում է Ռուսաստանն ու Անդրկովկասը, որով ռուսական գազը առաքվում է Վրաստան ու Հայաստան:
Ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ, հավանաբար, դա փոքր վթար է, որը կվերացվի:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման ու բաշխման հարցում: Գազը Հայաստան է առաքվում տարանցիկ ճանապարհով` Վրաստանի տարածքով: