AM
2 September 2009 - 10:42 AMT

«ԱրմենԹելը» Հայաստանի աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ բաց դասընթացներ կանցկացնի

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է նոր ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակներում կանցկացվեն մասնագիտական կողմնորոշման բաց դասեր հայաստանյան դպրոցների 9-11րդ դասարանների աշակերտների համար: Ընկերության ղեկավարները եւ Beeline կորպորատիվ համալսարանի ուսուցիչները կպատմեն ավագ դասարանցիներին ընկերության այնպիսի ստորաբաժանումների աշխատանքի մասին, ինչպիսիք են մարքեթինգը, ֆինանսները, տեխնիկական բլոկը, կներկայացնեն այդ ստորաբաժանումների միջեւ համագործակցության առանձնահատկությունները:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բոլոր դպրոցների տնօրեններին հորդորեց Ընկերություն ներկայացնել մասնակցության հայտեր: «Մենք ուրախ կլինենք բացելու Beeline Հայաստան կորպորատիվ համալսարանի դռները հայ դպրոցականների առջեւ: Վստահ եմ, որ այն, ինչ պատանիները կլսեն եւ կտեսնեն Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության ներսում, կօգնի նրանց կողմնորոշվել եւ ճիշտ ընտրել ապագա մասնագիտությունը», – ասաց նա:

Ինչպես նշեց հայաստանյան Beeline համալսարանի ղեկավար Նանա Հովհաննիսյանը, դպրոցականների համար կմշակվի դասընթացների հատուկ ծրագիր, որը հաշվի կառնի նրանց ցանկություններն ու հետաքրքրությունները: «Մեր նպատակն է ավագ դասարանների աշակերտներին օգնել լավագույնս պատկերացնել իրենց հետագա կյանքը եւ մասնագիտությունը»,- ասաց նա:

Ծրագրում մասնակցելու համար դպրոցները կարող են հայտեր ներկայացնել «ԱրմենՏել» ընկերություն մինչեւ սեպտեմբերի 18` Երեւան, Ահարոնյան 2 հասցեով կամ էլեկտրոնային փոստով [email protected] Մասնագիտական կողմնորոշման դասընթացները կմեկնարկեն 2009 թ. հոկտեմբերին: Յուրաքանչյուր դասի տեւողությունը կկազմի 2 ժամ: