AM
2 September 2009 - 10:50 AMT

«Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում մրցույթներ են անցկացվել Գեղարքունիքում

Սեպտեմբերի 2-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար անցկացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում այցելեց Գեղարքունիքի մարզ:

«Մեր երեխաները չափազանց օժտված են եւ այս նախագծի մասնակիցները կրկին ապացուցեցին դա: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք օգնել նրանց բացահայտել ու զարգացնել իրենց տաղանդը եւ ուղղորդել դեպի մեր երկրի բարգավաճ ապագան»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կազմակերպված ցուցահանդես-մրցույթին Գեղարքունիքի երեխաները բացահայտեցին իրենց տաղանդը: Երեխաների երեւակայությունը խթանած ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների գնահատման չափանիշներ էին յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացված էին տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեին ընկերության կորպորատիվ նշանը:

«Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկել է օգոստոսի 19-ին Լոռիում եւ հետզհետե ընդգրկում է երկրի բոլոր մարզերը` Հայաստանի տաղանդավոր երեխաներին բերելով ուրախության նոր պահեր: