ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ծանոթացան Արմավիրի մարզում տեղակայված հակակարկտային կայաններին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մարզի հինգ համայնքներում մայիս – օգոստոս ամիսներին տեղադրված 12 հակակարկտային կայանները, որոնք արդեն շահագործվել են երեք անգամ, մասնագետների կարծիքով արդարացրել են ակնկալիք արդյունավետությունը: Այդ կայանները կարկուտից պաշտպանում են 1000 հա հողատարածք:
Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ առաջիկայում կքննարկվի եւ ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի 2010 թ-ին հանրապետության տարածքում 120 հակակարկտային կայան տեղադրելու համար ֆինանսավորում հատկացնելու հարցը:
Միեւնույն ժամանակ կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար Հանրապետության տարածքում անհրաժեշտ է տեղակայել 250 հակակարկտային կայան, ինչի համար կպահանջվի 1-ից 2 տարի: