AM
13 April 2002 - 17:21 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Եվրախորհրդի նախարարների կաբինետում նախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը եւ Հայաստանի մի շարք ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներ քննարկել են այսօր եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումը կազմակերպված էր Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը, «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Իրավունք», «4-րդ իշխանություն» թերթերի խմբագիրները տեղեկացրել են Անտանաս Վալիոնիսին իրադարձությունների խրոնիկան` կապված Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշման հետ: Ի պատասխան` Վալիոնիսը նշել է, որ ծանոթ է իրավիճակին եւ որ այդ կապակցությամբ բավականին սուր քննարկումներ են եղել ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Վալիոնիսը հայտարարել է, որ «ցանկացած դեպքում իրավիճակը պետք է լուծվի բացառապես իրավական ուղիով, առավել եւս, որ ապրիլի 16-ին նախատեսվում է հեռուստաընկերության գործին վերաբերող դատի նիստը»: Նա կոչէ արել սպասել դատի որոշմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: