Ընթացիկ տարում Երեւանի կոնյակի գործարանը մտադիր է մթերել 32 000 տոննա խաղող, ինչը 1000 տոննայով ավելին է, քան անցյալ տարվա ցուցանիշը, Երեւանում լրագրողներին է հայտարարել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: «Այս տարի կմթերվի 32 000 տոննա խաղող, դա նույնիսկ ավելին է, քան մենք ծրագրում էինք, ինչի համար կհատկացվի 4 մլրդ դրամ»,-ասել է նա:
Ինչպես նշել է երկրի գլխավոր գինեգործը, 31 000 տոննան նախատեսված էր ընկերության բյուջեով, սակայն ելնելով երկրում սոցիալական լարվածությունից, որի պատճառը ճգնաժամն է, որոշվեց մթերել եւս 1000 տոննա` պահեստավորման նպատակով: Այս համատեքստում նա հավելել է, որ այսօրվա դրությամբ շուկայում կա մոտ 60 000 տոննայի առաջարկ, սակայն գործարանի տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս ավելացնել մթերումների ծավալը:
«Գիտակցելով իր առաջատարի դերը եւ պատասխանատվությունը` ԵԿԳ-ն հավատարմ է մնում իր 5000 խաղողագործ գործընկերներին»,-ասել է գործարանի գործադիր տնօրենը: Ըստ նրա, ԵԿԳ-ի Արմավիրի բաժանմունքում մթերումը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին, Այգեվանում` սեպտեմբերի 18-ին, Տավուշում` սեպտեմբերի 28-ին: Ընդ որում Գրիգորյանը հավելել է, որ 1 կգ խաղողի արժեքը հաստատվել է 130 դրամ Արմավիրի եւ Այգեվանի համար, իսկ Տավուշի համար` 120 դրամ: Գործադիր տնօրենը հիշեցրել է, որ 2008թ. 1 կգ խաղողի արժեքը 140 դրամ էր Արմավիրի եւ Այգեվանի համար եւ 130 դրամ` Տավուշի համար: «Խաղողի մթերումը առեւտրային գործարք է , եւ նրա արժեքը շուկայում ձեւավորվում է ծավալներից: Այսօրվա դրությամբ 1 կք արժեքը շուկայում 100-110 դրամ է: Մենք, ելնելով գյուղացիների առջեւ մեր պատասխանատվությունից եւ հաշվի առնելով սոցիալական գործոնը, շուկայականից բարձր գին ենք առաջարկել մեր գործընկերներին »,-նշել է նա: