Ճգնաժամը չխանգարեց Երեւանի կոնյակի գործարանի խոշոր նախագծերի իրականացմանը, որի համար ներդրվել է շուրջ 2 մլրդ դրամ եւ նման գումար կներդրվի նաեւ հաջորդ տարի, Երեւանում մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: «Հոկտեմբերին գործարանի Տավուշի մասնաճյուղում շահագործման կհանձնվի թորման նոր արտադրամաս, որի համար ներդրվել է շուրջ 50 մլն դրամ»,-ասել է նա: Արտադրամասի տեխնիկական զինումն, ըստ նրա, թույլ կտա ոչ միայն բարձրորակ սպիրտ թորել, այլ նաեւ լավ խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղողագործության զարգացման համար:
Բացի այդ, Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2008-2009 ֆինանսական տարում իրականացվել են լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր` ուղղված ընկերության զբոսաշրջային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը: «Այս տարի շուրջ 10 000 զբոսաշրջիկ է այցելել ԵԿԳ: Սա լավագույն ապացույցն է այն բանի, որ ԱրԱրԱտ-ը ոչ միայն պահպանում է, այլ նաեւ ամրագրում է Հայաստանի խորհրդանիշներից մեկի իր կարգավիճակը»,-ասել է գործադիր տնօրենը: