«Synopsys Հայաստան» ընկերությունը ՏՏ ոլորտի կազմակերպությունների ղեկավարների հետ «առանց փոխկապների» վաղվա հանդիպմանը կներկայացնի կրթական ծրագիր միկրոէլեկտրոնիկայի ուսումնասիրության վերաբերյալ: Հանդիպումը կանցնի Աղվերան քաղաքում:
Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց «Synopsys Հայաստան» ընկերության մամլո քարտուղար Գայանե Մարկոսյանը: Նա նշեց, որ Synopsys-ը աշխարհի առաջատարներից է ծրագրային ապահովման մշակման ոլորտում եւ ավելացրեց, որ միկրոէլեկտրոնիկայի ոլորտը զարգանում է յոթմղոնանոց քայլերով եւ այդ ոլորտի համալսարանի ծրագրերը պետք է նորացվեն, որպեսզի համապատասխանեն համաշխարհային չափանիշներին:
Որակյալ կադրեր պատրաստելու համար ուսման ընթացքում պետք է օգտագործվեն ավտոմատացված նախագծային ծրագրեր, որոնց արժեքը կարող է հասնել մի քանի միլիոն դոլարի, ինչը թույլ չի տալիս հայկական համալսարաններին ձեռք բերել նմանատիպ ծրագրային ապահովում, – նշեց մամլո քարտուղարը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Synopsys-ը անցկացնում է մի շարք ծրագրեր Հայաստանի համալսարանների հետ, որոնց շրջանակներում այդ ծրագրերը դառնում են մատչելի ուսանողների համար: Այդ ծրագրերը ղեկավարում է «Synopsys Հայաստանի» կրթական դեպարտամենտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր`Վազգեն Մելիքյանը:
Ինչպես ընդգծեց Գայանե Մարկոսյանը, իրագործելով այս նախագծերը, «Synopsys Հայաստան» ընկերությունը նպատակ է հետապնդում պատրաստել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող կադրեր, որոնք Հայաստանում կդառնան ՏՏ ոլորտի զարգացման գրավականը: