AM
14 September 2009 - 09:46 AMT

Հնդկաստանը 1,5 մլն դոլար կհատկացնի տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնի ստեղծման համար

ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների Հայաստանի Աղվերան առողջարանային քաղաքում կայացած «առանց փողկապների» համաժողովի շրջանակներում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ Հնդկաստանի կառավարությունը 1,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնի ստեղծման համար:

Հայ-հնդկական ՏՏ կենտրոնի գործունեությունը, Ենգիբարյանի խոսքերով, կուղղորդվի հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետների եւ հարակից ճյուղերում իրենց գործունեությունը ծրագրող մարդկանց վերապատրաստմանն ու հավաստագրմանը:

Կենտրոնի ստեղծման նպատակը, ինչպես նշել է Ենգիբարյանը, Հայաստանում մասնագետների պատրաստման հնդկական մոդելի կիրառումը չէ, այլ այն, որ Հայաստանում արդեն կան մասնագետներ եւ դասախոսներ, որոնք պատշաճ վերապատրաստման եւ հավաստագրման դեպքում կկարողանան բավարարել ոչ միայն երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի պահանջները: Բագրատ Ենգիբարյանը նաեւ նշել է, որ կենտրոնն առավելապես կֆինանսավորվի Հնդկաստանի կառավարության կողմից, Հայաստանի կառավարությանը բաժին է ընկնում կենտրոնի համար տարածքի տրամադրումը:

Ենգիբարյանն ընդգծել է, որ նման կենտրոնի ստեղծումը պարզապես անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ բուհերը չպետք է զբաղվեն միայն նեղ մասնագետներով, եւ, ինչպես նշվել է քննարկումների ժամանակ, նման կարգի գործունեությամբ պետք է զբաղվեն տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնները: