Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հաղորդել է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը կարող է գործել արդեն 2009 թվականի հոկտեմբերի վերջին: «Ռուսական կողմը սպասում է, որ ԵվրԱսՏԸ-ի բոլոր մասնակիցները վավերացնեն համաձայնագիրը, սակայն տվյալ պահին Բելառուսը ետ է մնում այդ գործընթացում», – նշել է ՌԴ Ֆինանսների նախարարը:
Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ Ռուսաստանն արդեն վավերացրել է հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը եւ պատրաստ է իր բաժինը ներդնել: Ֆինանսների նախարարի խոսքերով, մյուս մասնակիցներն արդեն փաստաթուղթը պատրաստել են վավերացման եւ այն քննարկել են կառավարությունների նիստում: «Երբ բոլորը վավերացնեն փաստաթուղթը, ես ԵվրԱսՏԸ-ի հանձնաժողովի նիստ կգումարեմ, եւ հիմնադրամը կգործի», – նշել է նա:
Հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում: Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, հակաճգնաժամային հիմնադրամի չափը պետք է կազմի 10 մլրդ դոլար: Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո բոլոր մասնակիցները վեց ամսվա ընթացքում պետք է հիմնադրամ փոխանցեն իրենց անդամավճարի 10 տոկոսը, հաղորդում, է telegraf. by-ը:
Ռուսաստանի բաժնեմասը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` մեկ մլրդ դոլար, Ղրղզստանինը, Տաջիկստանինն ու Հայաստանինը` մեկ մլն դոլար: Բելառուսի բաժնեմասը կկազմի 10 մլն դոլար: