Այսօր Հայաստանի Հանրային Խորհրդի անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Նախքան քննարկման մեկնարկը հանձնաժողովի նախագահ Կառլոս Ղազարյանը նշել է, որ քննարկումների արդյունքում կարելի է ջրի երես հանել այդ Արձանագրությունների ստորագրման հնարավոր ռիսկերը:
Քննարկման ընթացքում կայացել են հանձնաժողովի անդամների սեղմ ելույթները, որոնք ներկայացնում էին նկատողություններ ու առաջարկություններ: Հանձնաժողովի անդամ, «Երիտասարդական կամք» հասարակական կազմակերպության համանախագահ Մկրտիչ Գրիգորյանն իր ելույթի ընթացքում նկատել է, որ մինչ օրս Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական մակարդակով չի հայտարարել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական ու բացասական կողմերի մասին: «Այսօր Հայաստանի շատ քաղաքացիների համար պարզ չէ, թե սահմանի բացումը մեզ ինչ է տալու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, բարոյահոգեբանական ու պատմական տեսակետից»,- ընդգծել է Մկրտիչ Գրիգորյանը:
Քննարկումների ավարտից հետո առանձին հանձնաժողովներում Հանրային Խորհուրդը կլսի առաջարկություններն ու նկատողությունները: