Արամ Խաչատուրյանի անվան եռյակը ծրագրում է կազմակերպել շրջագայություն աշխարհի շուրջ, որը կընդգրկի Լոնդոնը, Նյու Յորքը, Կալիֆորնիան եւ Միջին Ասիան: Եռյակի ծրագիրը մշակման փուլում է, հստակեցվում է խաղացանկը, ժամկետները եւ շրջագայության քաղաքները: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ջութակահար Կարեն Շահգալդյանը:
Արամ Խաչատուրյանի տուն թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը իր հերթին նշեց. «Եռյակն ունի լայն խաղացանկ եւ ծրագիր, որը ընդգրկում է տարբեր ժամանակների եւ ոճի ստեղծագործություններ: Այսօր մենք ընտրում ենք ստեղծագործություններ, որոնք կներկայացվեն կախված շրջագայության երկրից»:
«Խաչատուրյանի անվան եռյակի հաջողություններն ինձ անչափ ուրախացնում են: Նրանք տաղանդավոր վարպետներ են եւ միասին ստեղծում են հոյակապ երաժշտական եռյակ»,-ընդգծեց եռյակի հովանավոր, հայազգի անգլիացի ձեռնարկատեր Ասատուր Գուզելյանը:
Արամ Խաչատուրյանի անվան եռյակը ստեղծվեց 1999 թ-ն, որպես «Arsika» եռյակ: Նրանք ելույթներ են ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում: Մասնակցել է այնպիսի փառատոների, ինչպիսիք են Լոզանի ,Schubertiadeե , Կոստա Ռիկայի Festival de las Artes , Մեքսիկայի Festival International Cervantino: 2006 թ-ց եռյակը հանդես է գալիս ներկա կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ):
Վերջին չորս տարիների ընթացքում համույթը վարում է լուսավորչական գործունեություն Հայաստանում, հանդես գալով համերգներով ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում, անցկացնում է վարպետության դասընթացներ աշակերտների եւ ուսանողների հետ: