Հալեպի Հայկական բարեգործական միությունը Հայ երիտասարդության միությունը կազմակերպել էին երգահան եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանի ստեղծագործական երեկոն: Համերգի նախաձեռնողը Արմեն Խորոզյանն էր, ով ժամանակին Հայաստանի Հանրային ռադիո- եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է եղել:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ինքը` վարպետը, համերգի կազմակերպման աշխատանքը տեւել է գրեթե մեկ ամիս: «Համերգը կայացավ սեպտեմբերի 6-ին եւ շատ հաջող անցավ: «Ես նրանց ուղարկեցի իմ նոտաները, նոր ստեղծագործությունները, որոնք գրվել են վերջին 3-4 տարիների ընթացքում, զանազան գրառումներ եւ արդեն այնտեղ` Հալեպում, դրանք մշակվեցին նոր նվագախմբի կողմից, որը հատուկ ստեղծվել էր ստեղծագործական երեկոյի համար: Համերգից մեկ շաբաթ առաջ ես մեկնեցի Սիրիա, որտեղ մի քանի փորձ անցկացրեցի նվագախմբի հետ»,- ասել է վարպետը:
Ինչ վերաբերում է նման համերգի կազմակերպմանը Հայաստանում, ապա մաեստրոն նշել է, որ այնքան էլ չի սիրում ինքնագովազդով զբաղվել: «Դա շատ վատ է: Ես ցանկանում են Հայաստանում կազմակերպել ստեղծագործական երեկո, որտեղ կհնչեն իմ հին ու նոր ստեղծագործությունները»,- ընդգծել է Երզնկյանը:
Ավելացնենք, որ սեպտեմբերի 26-ին Բեյրութում կկայանա ֆրանկոֆոնիայի փառատոն, որում ելույթ կունենա երիտասարդ հայ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ: Նրանց համար ծրագիր է պատրաստել Երվանդ Երզնկյանը եւ հույս հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթ կունենան: «Հայ կատարողների երգացանկում կա Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայից հայտնի հատվածի մշակումը, ֆրանսիական երգեր: Նրանք ոչ միայն երգում են, այլեւ բեմադրված շարժումներ ունեն»,- ասել է Երվանդ Երզնկյանը: