Հայաստանում հեռահաղորդակցական ծառայությունների օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն այսուհետ տարին երկու անգամ հաշվետվություն կներկայացնի Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) հանրապետությունում հեռախոսային ցանցի տարածման մասին:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ԱրմենՏել-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, նման որոշում կայացվել էր ՀԾԿՀ-ի կողմից երեկ կայացած նիստում: Նրա խոսքերով, դա ՀԾԿՀ-ին հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկելու երկրի տարածքում ԱրմենՏել-ի կողմից ֆիքսված կապի ծառայությունների տրամադրումը: Նա նաեւ հաղորդել է, որ նախկինում ընկերությունը ՀԾԿՀ-ին հաշվետվություն էր ներկայացնում վերջինիս պահանջով, իսկ այսուհետ կկիրառվեն այդ տվյալների ներկայացման որոշակի ժամկետներ: