AM
3 April 2002 - 18:52 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՎԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանի քաղաքական միասնության կուսակցության առաջնորդ, Միլի մեջլիսի պատգամավոր Իղբալ Աղազադեն հանդես է եկել խորհրդարանի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման եւ նրա ներկայիս կազմի լուծարման նպատակահարմարության մասին հարցի քննարկման նախաձեռնությամբ: Իր առաջարկը նա հիմնավորել է նրանով, որ Մինսկի խմբի համանախագահը ԱՄՆ-ից` Ռուդոլֆ Պերինան միջազգային միջոցառումների ընթացքում մշտապես հանդիպում է հայկական սփյուրքի ներկայացուցիչների հետ: Մինսկի խմբի մյուս համանախագահ` Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, իսկ երրորդ համանախագահ` Ռուսաստանը պաշտոնապես համագործակցում է ռազմական ոլորտում Հայաստանի հետ: Պատգամավորի նախաձեռնության դեմ է հանդես եկել խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը: Նրա խոսքերով, «թեեւ ադրբեջանական բանակը կարող է ազատել զավթված տարածքները», այնուամենայնիվ այժմ Ադրբեջանը «չի կարող հրաժարվել բանակցություններից»: Նրան աջակցեց խորհրդարանականների մեծամասնությունը: Արդյունքում, որոշվել է հարցը չմտցնել օրակարգ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: