Հայաստանում կստեղծվի «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոն, որի մեջ մտել են մի քանի համայնքներ, որոնց թվում` Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները: Հաստատվել է այդ կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները: Այդ որոշումն ընդունվել է Լոռու մարզի 2010-2011թթ. հաստատված զարգացման ծրագրի շրջանակներում կառավարության` Վանաձորում կայացած արտագնա նիստում:
Այդ առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարարին վերապահվել է վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը եւ կառավարություն ներկայացնելը: Ծրագրի գերակա խնդիրներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության եւ միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը, կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը, Օձուն գյուղի ուղղաթիռային հրապարակի կառուցումը, Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը եւ շատ այլ միջոցառումներ: