Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքը Հայ-թուրքական կապերի խումբ անվանումով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին «Դաշնակցություն» կուսակցության մամուլի ասուլիսում հայտնել է «Հայ-Դատի» հանձնաժողովի ներկայացուցիչ Կարո Արմենյանը: Նրա խոսքերով` Խմբի կազմը եւ հիմնական խնդիրները կորոշվեն մոտ ապագայում: Արմենյանը նշել է, որ թուրքական կառավարությունը Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովն օգտագործել է համաշխարհային հանրության կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը խափանելու համար: Արմենյանի համոզմամբ, Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի գործունեությունը խոչընդոտում էր հայ-թուրքական հարաբերություններում տեղ գտած խնդիրների կարգավորմանը: Եթե Հայ-թուրքական կապերի խումբը նույնպես խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կայունացմանը, ապա նրա դեմ «կպայքարենք այնպես, ինչպես պայքարել ենք նախկին հանձնաժողովի դեմ»,- հայտարարել է Կարո Արմենյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: