AM
2 October 2009 - 16:56 AMT

ՀԿԵՈւ-ն ավարտել է աշնանային զննության առաջին փուլը

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հարավկովկասյան երկաթուղում անցկացվեց ուղիների, ինչպես նաեւ շինությունների, սարքավարումների աշնանային ստուգման առաջին փուլը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Զննությունն իրականացվել է Զոդ-Հրազդան, Իջեւան-Քանաքեռ, եւ Երասխ-Նոր Հաճն հատվածներում:

Ըստ հաղորդագրության, աշնանային ստուգումը անց է կացվել գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացման եւ ձմեռային ուղեւորների եւ բեռնափոխադրումներին նախապատրաստվելու նպատակով:

Զննությանը մասնակցել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի բարձրագույն ղեկավարությունը գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովի ղեկավարությամբ, որն իր անձնական հսկողության տակ է առել ուղիների ու շինությունների զննումը:

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ի Կոնցեսիոն պայմանագրի: Հավատարմագրային կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: