«Մինչեւ 2010 թվականի առաջին եռամսյակի ավարտը կորպորատիվ արժեթղթերի նոր թողարկում, ըստ իս, չի լինի»,-երեքշաբթի կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել «NASDAQ OMX Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ տարին ավարտին է մոտենում, ուստի ընկերություններն արդեն պետք է ամփոփեն իրենց գործունեության արդյունքները, ինչպես նաեւ, այն պատճառով, որ ձմեռվա ամիսները շատ պասիվ են լինում:
Ըստ Մելիքյանի, կորպորատիվ թղթերի շուկայում պասիվություն է նկատվում, եւ դա վկայում է այն մասին, որ ճգնաժամն իրոք ազդել է ընկերությունների վրա, եւ «այժմ յուրաքանչյուրը զբաղված է իր ներքին հարցերի լուծմամբ»: Նրա կարծիքով, նոր թողարկումը ճգնաժամի պայմաններում անարդյունավետ կլինի, եւ կարող է հանգեցնել լուրջ կորուստների հետագայում:
Արմեն Մելիքյանն ասել է, որ պետք է դիմանալ մինչեւ 2010 թվականի առաջին կիսամյակը, իսկ կորպորատիվ թղթերի շուկայում ակտիվություն է ակնկալվում 2010 թվականի մարտից մինչեւ հունիս: «Այսօրվա դրությամբ կապիտալի շուկայի միտումներն այսպիսին են` դիմանալ մինչեւ 2010թ. առաջին կիսամյակը, քանի որ ճգնաժամը մեղմացել է եւ որոշակի աճ է նկատվում»,-ասել է նա: