Բաքու-Թբիլիսի-ՋԵՅՀԱՆ /ԲԹՋ/ նավթատարի նախագիծը ոչ միայն արդյունավետ է քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից, այլեւ պարզապես անհրաժեշտ է: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի էներգետիկ հարցերով օգնական Ալի Ասադովը` մեկնաբանելով ԲԹՋ անարդյունավետության վերաբերյալ Դեմկուսի առաջնորդ Ռասուլ Գուլիեւի հայտարարությունները: Ասադովի խոսքերով` նավթատարի օտարերկրյա մասնագետների հաշվարկները հակառակն են վկայում` նրանց կանխատեսումով նավթատարի շահութաբերությունը կկազմի 12,5 տոկոս: Նախագահի օգնականի խոսքերով` արդեն այսօր նշված նավթամուղով նավթ փոխադրելու խնդրանքով Ադրբեջանին են դիմում այլ պետություններ: Մասնավորապես, բանակցություններ են վարվում Ղազախստանի հետ, որտեղ ներկայումս արդյունահանվում է 45-48 մլն տոննա նավթ: Արձագանքելով Գուլիեւի հայտարարություններին` Ասադովն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանցիների մեջ էլ կան մարդիկ, որոնց դիրքորոշումը համընկնում է Ադրբեջանի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց եւ կառույցների դիրքորոշումներին: