AM
13 Հոկտեմբեր 2009 - 06:59 AMT

ՀԱԿ. Սերժ Սարգսյանը պատրաստվում է զիջումների գնալ Ղարաբաղի հարցում

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ «խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը: Մինչդեռ, ինչպես մինչեւ փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես` անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ»:

Անդրադառնալով պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծմանը, ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ` այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը եւ իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ` Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում»: