Հատուկ աշխատանքային խումբը կաշխատի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մաքսային ու հարկային բարեփոխումների փաթեթի իրականացման վրա, Երեւանում լրագրողներին է ասել Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հերթական նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է եկամուտների պետկոմիտեի նախագահին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՏՏ ոլորտի խնդիրների լուծմամբ:
Վարդանյանն ասել է, որ խմբի առջեւ երկու տիպի խնդիրներ են ծառացել` «Վերանայել ոլորտում առկա խնդիրները եւ ստեղծել այն, ինչ մինչ օրս չկար»: Այս համատեքստում նա հավելել է, որ վերջին երկու ամսում Միությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել օրենսդրական բարեփոխումների մի փաթեթ, որոնք վերաբերում են արտահանման, ներմուծման, վերաարտահանման, ինչպես նաեւ փորձարկման համար նախատեսված ապրանքների հետ կապված խնդիրներին: «Առաջինը, կա առաջնային խնդիրների պատրաստի ցուցակ, որը հետագա մանրակրկիտ վերլուծության կենթարկվի, կան հարցեր, որոնք առավելագույն ազդեցությունը կունենան այդ ոլորտում ստեղծված իրավիճակի վրա»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է այդ խնդիրների լուծման գործիքներին, ապա Միության տնօրենը նշել է քննարկումներն ու կլոր սեղանները, որ տեղի կունենան նոյեմբերի 27-29, հավանաբար, Աղվերանում, որտեղ տեղի կունենա ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների առանց փոխկապների հերթական հանդիպումը: «Այս համաժողովը թույլ կտա բացառել այն հարցերը, որոնք արդեն լուծում են գտել, եր օրակարգ մտցնել այն հարցերը, որոնք կարող են նպաստել խնդիրների լուծմանը»,-ասել է նա: Միաժամանակ, Վարդանյանը հավաստիացրել է, որ վեց ամիս անց, հավանաբար փետրվարին, կառավարության քննարկմանը կներկայացվեն ՏՏ ոլորտի զարգացման հստակ հարցերն ու խնդիրների լուծումները հարկային ու մաքսային բարեփոխումների տեսակետից, մասնավորապես, սահմանում կրկնակի հարկադրման խնդիրը:
«Մաքսային ու հարկային բարեփոխումներ` պետություն-մասնավոր համատեղ մարմնի ստեղծման միջոցով»» նոր ծրագիրն իրականացվում է Counterpart International ընկերության աջակցությամբ: