Հայաստանը տեխնոլոգիական երկրի վերածելու համար հարկավոր է բարձրացնել երկրի ֆինանսական մարմինների աշխատաքնի արդյունավետությունը, չորեքշաբթի մամլո ասուլիսում հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, Միությունը ձեռնակուխ է եղել «Մաքսային ու հարկային բարեփոխումներ` պետություն-մասնավոր համատեղ մարմնի ստեղծման միջոցով» նոր ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է արագացնել արտադրական շղթան եւ փոխել ֆինանսական մարմինների մտածելակերպը, առավել հասանելի ու արտաքին շուկայի համար պիտանի դարձնել ՏՏ արտադրանքը: «Այժմ ֆինանսական մարմիններն աշխատում են այդ շղթայի դեմ, քանի որ միայն կարճաժամկետ շահեր են հետապնդում, մասնավորապես, պետբյուջեի համալրումը»,-ասել է նա:
ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը կրկնակի հարկադրումն է, որից անհրաժեշտ է ազատել մի շարք ապրանքներ (ռոբոտոտեխնիկա, կառավարման ավտոմատ համակարգեր), գտնում է Միության տնօրենը: Նշված ծրագրի իրագործումն, ըստ Վարդանյանի, թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ արժանի մրցակից դառնալ արտաքին շուկայում: Հայաստանում արտադրված ՏՏ ոլորտի ապրանքի հիմնական սպառողներն են ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ռուսաստանը: «Արտահանման ու ներմուծման հարաբերակցությունն այժմ կազմում է համապատասխանաբար 60 ու 40 տոկոս: Այս առումով մենք զգալի հաջողության ենք հասել, այդ թվում այնպիսի ցուցահանդեսների անցկացման հաշվին, ինչպիսն է DigiTec-ը, քանի որ 2006-ին այդ հարաբերակցությունը 80 եւ 20 տոկոս էր»,-ասել է նա: Այս համատեքստում Վարդանյանը հավելել է, որ Միությունը մտադիր է աշխատել այդ հարաբերակցության հավասարակշռման` 50%-50% ուղղությամբ: