AM
22 March 2002 - 13:10 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱԶԱՏ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊՐԵԼՈՒ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԱՀԿ ԱՄԲԻՈՆԻՑ

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ազատ եւ բարեկեցիկ կյանքով ապրելու: Այդ մասին Վիեննայում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է միայն խաղաղության: «Արտահայտելով ինքնորոշվելու իր սահմանադրական իրավունքը` այդ ժողովուրդը պայքարել է եւ հաղթել»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող մշտապես ապրել անորոշության եւ շրջափակաման մեջ: Եվ այդ իրավիճակում անհրաժեշտ է ուսումնասիրել տարածաշրջանային համագործակցության ցանկացած հնարավորություն: Նշելով ԵԱՀԿ-ի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում անցած տասնամյակի ընթացքում` Վարդան Օսկանյանը հաստատել է Հայաստանի դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ի պատասխան հայ նախարարի ելույթ են ունեցել Եվրախորհրդի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: