AM
21 March 2002 - 14:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի ԱՄՆ-յում շարունակվող այցի ընթացքում, քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարները: Մարտի 20-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի հանդիպումը նրա ամերիկյան գործընկեր Դոնալդ Ռամսֆելդի, ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Փոլ Վուլֆովիցի եւ Պենտագոնի այլ բարձրաստիճան դեմքերի հետ: Ինչպես հաղորդել են այսօր ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտում, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հիմնահարցեր, Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալուն վերաբերող հարցեր: Միեւնույն ժամանակ Պենտագոնի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ խորհրդակցություններ են անցկացվել վերոհիշյալ հարցերի շուրջ` աշխատանքային խմբերի մասնակցությամբ: Նույն օրը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Պետական Քարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Էրմիթեջի, ռազմավարական հարցերով Պետքարտուղարի տեղակալ Լինքոլն Բլումֆելդի հետ, ինչպես նաեւ մասնակցել է Պենտագոնի եւ ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոունի եւ Ջոզեֆ Նոլենբերգի կողմից նրա պատվին կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: