AM
27 October 2009 - 10:17 AMT

«Շինսերտիֆիկատ» ընկերությանը միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ է շնորհվել

«Սերտիֆիկացման գործընթացը տեւել է 2 տարի, որի ընթացքում մենք անցել ենք բոլոր անհրաժեշտ փուլերը, եւ այսօր մենք հասել ենք մեր նպատակին»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ընկերության տնօրեն Ալեքսանդր Վարդանյանը: Նրա խոսքերով, որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել հեղինակավոր գերմանական TUV NORD CERT խումբը, որի համար այս շնորհումն առաջինն էր Հայաստանում: Խորհրդատվական աշխատանքները իրականացրել է ATMS Solutions ընկերությունը:

Վարդանյանը նշել է, որ սերտիֆիկացիա են անցնում ընկերության լաբորատորիան, շինարարության ոլորտում խորհրդատվական ծառայությունների եւ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը: Այս համատեքստում ընկերության տնօրենը նշել է, որ երկու տարում ընկերության տրամադրած ծառայությունների մակարդակը զգալիորեն բարձրացել է: «Դա նշում են նաեւ մեր գործընկերները, քանի որ ամեն ինչ համապատասխանեցվել է ISO 9001-2008 միջազգային ստանդարտի պահանջներին»,-ասել է նա:

Ընկերության լաբորատորիայի տեխնիկական հագեցումը ներառում է 60-70 սարքավորում, այդ թվում ծանր մամլիչներ բետոնի փորձարկման համար, եւ նրա խոսքերով, ընկերությունը մտադիր է մոտ ապագայում ընդլայնել իր գործունեությունը:

«Շինսերտիֆիկատի» հաճախորդներն են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են «Երաշեն» ԲԲԸ-ն, HSBS բանկ Հայաստանը եւ այլն: Ընկերությունը առաջատար դիրքեր է զբաղեցնում այդ ոլորտի նմանատիպ 5 ընկերությունների թվում: «Մենք գլխով պատասխանատու ենք մեր շնորհած սերտիֆիկատների համար»,-հավաստիացրել է Վարդանյանը:

«Շինսերտիֆիկատ» ընկերությունը հիմնվել է 1998թ.: Այն անկախ մասնագիտացած ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ շինարարության ոլորտում` ներառյալ տեխնիկական հսկողության, շինարարական արտադրանքի սերտիֆիկացումն ու լաբորատոր հետազոտություները, ինչպես եռակցողների սերտիֆիկացում: