AM
28 October 2009 - 09:29 AMT

Հայաստանի տնտեսությունը ճգնաժամ ապրեց, սակայն այժմ գտնվում է կայունացման գործընթացում եւ վերականգնման է սպասում

«Սեպտեմբերին ամփոփված տնտեսական տվյալները որոշակի լավատեսություն են ներշնչում, եւ կարելի է ասել, որ օգոստոս-սեպտեմբերին Հայաստանի տնտեոսության մեջ նկատվում են կայունացման միտումներ»,-ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Ինչպես նշել է Դավթյանը, երկրի տնտեսությունն անկման կրիտիկական կետը ապրեց 2009 հուլիսին, երբ ՀՆԱ-ի անկումը կազմեց 18,5 տոկոս 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այժմ, ըստ նրա, վերջին ամիսների արդյունքների համաձայն, փոքր, բայց կայուն աճ է գրանցվել` 0,1 տոկոս: «Դա վկայում է այն մասին, որ հոկտեմբերից հետո, մեր տնտեսությունը կարող է սկսել վերականգնվել»,-նշել է նա:

Այս համատեքստում ֆինանսների նախարարը հավելել է, որ քանի որ անցյալ տարվա բազան մինչ սեպտեմբեր բավականին լավն է եղել, դա որոշակի վստահություն է ներշնչում, որ Հայաստանի տնտեսության կայունացումը կարող է փոխարինվել նրա աճով:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2009-ի հունվար-սեպտեմբերին կրճատվել է 18,3 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: