AM
28 October 2009 - 12:09 AMT

Մինչեւ տարեվերջ Հայաստանում մեծ սղաճ չի լինի

Առաջիկայում Հայաստանի տնտեսությանը չեն սպառնում մեծ սղաճային ռիսկեր, սղաճը Հայաստանում կպահպանվի այն մակարդակի վրա, որը նախատեսված էր 2009թ. պետբյուջեով: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարը հիշեցրել է, որ 2009թ. ինը ամիսների արդյունքում սղաճը Հայաստանում կազմել է 2,7 տոկոս 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: «Այդ ցուցանիշը միանգամային ընդունելի է եւ լիովին տեղավորվում է 2009 պետբյուջեով նախատեսված շրջանակների մեջ»,-ասել է նա: Դավթյանը նաեւ հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ մեծ սղաճ Հայաստանում չի գրանցվի եւ Հայաստանի տնտեսությանը չեն սպառնում մեծ սղաճային ռիսկեր:

Այս առնչությամբ Դավթյանը հավելել է, որ 2010թ. բյուջեի նախագծում եւս ծրագրված է սղաճի ցածր տոկոս` 3-4 տոկոսի սահմաններում:

Միեւնույն ժամանակ, ասել է նախարարը, համաշխարհային տնտեսության վերականգնման եւ տնտեսական աճի պայմաններում սղաճային ռիսկերը բնականաբար կավելանան: «Այդ դեպքում մենք շտկումներ կկատարենք մեր քաղաքականության մեջ եւ ընդլայնված քաղաքականությանը փոխարինելու կգա առավել զսպող քաղաքականությունը»,-պարզաբանել է նա: Այս համատեքստում Դավթյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը բնական հակացիկլիկ քաղաքականություն է վարում: