«Ես դեմ եմ հայ-թուրքական Արձանագրությունների վվերացմանը, քանի որ դրանցում պարզություն չկա, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները, եւ Հայաստանի համար շատ բարդ է լինելու չեզոքացնել հնարավոր բացասական հետեւանքները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով, Թուրքիան այժմ աննախադեպ կերպով շահագրգռված է Արձանագրությունների վավերացման հարցում, քանի որ այնտեղ տեղ են գտել երեք գլխավոր սկզբունքները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի համար` սահմանների փոխադարձ ճանաչում, երկկողմ պարտավորություններով հարաբերությունների կարգավորում եւ հնարավոր արգելքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը ՀՀ խորհրդարանին առաջարկել է Արձանագրությունների վավերացման դեպքում նաեւ կից հուշագիր ընդունել, որում կնշվեն հնարավոր վտանգները եւ հայկական կողմից վերապահումներ կկատարվեն այն հարցերում, որոնք չեն կարող սակարկության առարկա դառնալ:






