Ինչպես նախկինում ասել էր ավիաընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը, Sukhoi Superjet-100-ը կհամալրի «Արմավիա» ընկերության ավիաշարժակազմը 2010թ. ապրիլին, քանի որ կան որոշակի ձգձգումներ, կապված սերտիֆիկացման հետ: Այս առնչությամբ Մոզգովոյը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ սերտիֆիկացիոն թռիչքների ծավալը 800 է, որոնցից արդեն կատարվել է 500-ը:
ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում վաճառքի գծով տնօրենը հաղորդել է, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը եւս զբաղվում է վաճառքով Ռուսաստանի, Հարավ-Արեւելյան Ասիայի ու Եվրոպայի շուկաներում: «Արդեն պայմանագրեր են կնքվել այլ ավիաընկերությունների հետ, սակայն նրանք նոր ինքնաթիռը կստանան «Արմավիայից» հետո»,-ասել է նա:
Sukhoi Superjet-100 ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 4 500 կմ, տարողությունը` 95 ուղեւորատեղ: Մոզգովոյը նաեւ հավելել է, որ «Արմավիան» պայմանագիր է կնքել երկու ինքնաթիռների գնման համար, սակայն եւս երեք ինքնաթիռ գնելու իրավունք ունի:
Հայաստանում հենց այդ ինքնաթիռի հայտնվելը կապված է նրա հետ, որ այդ ինքնաթիռի նախատիպն ավարտեց սերտիֆիկացիոն թռիչքային փորձարկումները, թռիչքա-վայրէջքային բնութագրերի ստուգումն ու բարձրություն հավաքելու կարգը Հայաստանի բարձր լեռնային պայմաններում: Փորձարկումներն անցնում էին «Շիրակ» օդանավակայանի շրջանում, որի առանձնահատկությունն այն է, որ գործնականում բոլոր կողմերից օդանավակայանը շրջապատված է լեռներով, ուստի թիռչքն ու վայրէջքը հնարավոր է միայն հարավային կողմից: Այդ փորձարկումները ցուցադրեցին ինքնաթիռի անվտանգ մանեւրելու եւ բարդ պայմաններում երկրորդ շրջադարձի գնալու կարողությունը:
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը ներկայացրել է նոր ռուսական Super Jet SSJ 100 ինքնաթիռը Երկրորդ ռուսական արդյունաբերական «EXPO-RUSSIA 2009 Armenia» ցուցահանդեսում, որն անցնում է Երեւանում հոկտեմբերի 29-31-ը: