AM
30 October 2009 - 09:54 AMT

Մի քանի ամսից կավարտվեն ԱԷԿ-ի նոր բլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները

Ատոմային նախագծի հարցում Հայաստանը գտնվում է բանկային տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) ու այպես կոչված շրջակա միջավայրի վրա ազդեցության փաստաթղթի մշակման փուլում, ասել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` ելույթ ունենալով «Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որն անցնում է Երեւանում «EXPO-RUSSIA 2009 Armenia» ամենամյա երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: «Մոտակա ամիսներին մենք կավարտենք այդ փաստաթղթի մշակումը եւ անմիջապես ձեռնամուխ կլինենք Հայաստանի համար այդ մեծ նախագծի իրականացման համար ներդրողների որոնման մրցութային փաթեթի նախապատրաստմանը»,-ասել է նա:

Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել: ՀՀ ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 27-ի նիստում երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը նախատեսում է 1,2 հազար ՄՎտ հզորության նոր ատոմային էներգաբլոկի կառուցում, որի շահագործման ժամկետը կլինի 60 տարի: Ըստ նախնական հաշվարկների, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար շուրջ 4-5 մլրդ դոլար կպահանջվի:

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամորում (Երեւանից դեպի հարավ-արեւմուտք մոտ 30կմ հեռավորության վրա): Կայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին, ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների գնահատականների, ՀԱԷԿ-ը կկարողանա գործել մինչեւ 2016թ.:

Այս առնչությամբ փոխնախարարը նշել է, որ խոսքը գնում է նույն հարթակում ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման մասին, որտեղ արդեն կա երկու բլոկ, որից մեկը չի գործում: «Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ այս հարթակում կիրականացվեն լավագույն տեխնոլոգիական լուծումները, որոնք հայտնի են աշխարհում»,-ասել է նա:

Ինչպես հաղորդել է Գալստյանը, ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը խիստ տեխնոլոգիական պահանջներ են ներկայացվում, որոնք առկա են ՏՏՀ մեջ: «Այդ աշխատանքները տանում է ավստրալա-ամերիկյան Warly Parsons ընկերությունը, որը շահել է ամբողջ նախագծի կառավարող ընկերության համար հայտարարված մրցույթը»,-ասել է փոխնախարարը: Ըստ նրա, այս ընկերությունն է նախապատրաստում նախագծի ՏՏՀ-ն, նա է կազմակերպելու մրցութային գործընթացը, նա է բանակցելու բոլոր ներդրողների ու ընկերությունների հետ, որոնք ներգրավվելու են որպես նախագծողներ, շինարարության կապալառուներ եւ այլն:

Փոխնախարարը նշել է, որ, քանի որ այդ հայտնի ընկերությունը նման աշխատանքներ է անցկացրել եվրոպական երկրների համար, այդ փորձը կօգտագործվի նաեւ նոր էներգաբլոկի դեպքում: «Նոր էներգաբլոկի համար կկիրառվի կառավարման արեւմտյան համակարգը, եւ դա կլինի ահա այսպիսի խառը նախագիծ»,-հավելել է Գալստյանը:

Իր ելույթում նա նաեւ էներգետիկ ոլորտի մասնագետներին է ներկայացրել այն հեռանկարային նախագծերը, որոնց, համապատասխան շահագրգռվածության առկայության դեպքում, կարող են մասնակցել ռուս գործընկերները եւ ներդրումներ անել: