«Որքան ես հասկանում եմ, Հայաստանի կառավարությունը համաձայնվել է, որ Հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան, սակայն պնդում են, որ հարկավոր է գտնել ճկուն մեթոդներ, իբր, թուրքական կողմի հետ անվտանգ հարաբերություններ հաստատելու համար»,-հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը հաղորդել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել ՀՀ «Տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է նշել ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ հայրենազրկության օր: «Մենք վստահ ենք, որ այդ օրինագիծը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքերը եւ պատահական չէ, որ ՀՀ նախագահը վերջերս եւս օգտագործեց այդ տերմինը»,-պարզաբանել է Լ.Ալավերդյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում «Ժառանգությունը» ՀՅԴ առաջարկած Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ օրինագծին, նա նշել է, որ իրենց կուսակցությունը դրական է արձագանքել այդ օրինագծին, քանի որ այն համընկնում է «Ժառանգության» ծրագրերի հետ:






