«Կարծում եմ, Թուրքիայի խորհրդարանի կորղմից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կձգձգվի մինչեւ 2010թ. ապրիլը եւ արդյունքում կվավերացվի, քանի որ Թուրքիայի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը հասկանում են, որ իրենք հաղթող են դուրս գալու այս գործընթացից»,-հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, թուրքական կողմը, ձգձգելով Արձանագրությունների վավերացումը, մտադիր է ավելի մեծ զիջումներ կորզել Հայաստանից: «Այսօրվա դրությամբ Թուրքիայում հարցման ենթարկվածների 70 տոկոսը կողմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը եւս վկայում է թուրքական կողմի վստահության մասին` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման այս գործընթացում»,-ասել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով երեք հայ ավանդական` ՀՅԴ, Սոցիալ-ժողվորդավարական Հնչակյան եւ Ռամկավար-Ազատական, կուսակցությունների ղեկավարների վերջին հանդիպման թեման` Հովհաննիսյանը նշել է, որ այնտեղ քննարկվել է կուսակցությունների հետագա համագործակցությունն ազգային հարցերում, համատեղ ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել ապագայում ինչպես սփյուռքում, այնպես էլ` Հայաստանում:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանականների վերջին հանդիպմանը արծարծվել է նման հանդիպումներին ԼՂՀ ԱԺ պատգամավորների մասնակցության հարցը, նա պատասխանել է, որ հայկական կողմը հստակ հասկացնել է տվել Ադրբեջանի իրենց գործընկերներին, որ առանց ԼՂՀ ներկայացուցիչների ոչ մի քննարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չի լինի:






