AM
14 March 2002 - 18:21 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայաստանը չի փորձում շահ փնտրել մյուս պետությունների հակասությունների մեջ, այլ տեսնում է իր շահը այդ հակասությունները հարթեցնելու մեջ: Այդ մասին «Ֆրանս-պրես» գործակալությանն է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե մտադիր չէ արդյոք Հայաստանը, հաշվի առնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները այն մասին, որ Իրանը հանդիսանում է «չարիքի առանցք», փոխել իր քաղաքականությունը Թեհրանի հանդեպ: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է հավասարակշռվածության սկզբունքը, իսկ Հարավային Կովկասի առանձնահատկությունները որոշակի զգուշություն են պահանջում: «Ինչ վերաբերվում է կոնկրետ Իրանին, ապա Հայաստանը այդ երկրի հետ արդեն հարյուրավոր տարիներ ի վեր կապված է բարիդրացիական հարաբերություններով, որոնք ներկայումս արտացոլվում են զարգացող առեւտրա-տնտեսական համագործակցության մեջ»,- նկատել է Հայաստանի ղեկավարը` ավելացնելով, որ երկկողմ հարաբերություններում բացակայում է լուրջ ռազմական գործոնը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: