Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել Անկարայի հետ համագործակցության հնարավորությունները` Թուրքիայի կողմից բարի կամքի դրսեվորման դեպքում: Այդ մասին «Ֆրանս-պրես» գործակալությանն է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանի տնտեսության մեջ նկատվում են դրական միտումներ` դա եւ ՀՆԱ աճն է, ինչը նշանակում է արտադրության եւ հայկական ապրանքների արտահանման ակտիվացում, եւ ֆինանսական կայունությունն է, եւ ազատ ձեռներեցության ու առեւտրի բարենպաստ պայմանների առկայությունն է: Դա հաստատում են նաեւ հեղինակավոր միջազգային վարկանիշերը` անցյալ տարի Հայաստանը ճանաչվել է ԱՊՀ երկրների մեջ տնտեսապես ամենաազատը: «Սակայն ներկայիս տնտեսական ցուցանիշներին Հայաստանը հասել է առանց Թուրքիայի հետ առեւտրային հարաբերությունների, քանի որ դրանք գործնականում բացակայում են` եւ ոչ մեր մեղքով»,- նշել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ Հայաստանը բազմիցս անգամ հայտարարել է բնականոն դրացիական հարաբերություններ, փոխշահավետ առեւտրա-տնտեսական համագործակցություն հաստատելու իր պատրաստակամության մասին: Սակայն Թուրքիան գերադասում է սահմանը փակ պահել: Առեւտրային հարաբերությունները պետք են նաեւ Թուրքիային, որի տնտեսությունը այսօր լուրջ դժվարությունների առջեւ է կանգնել, ընդգծել է Հայաստանի ղեկավարը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: