AM
14 March 2002 - 17:55 AMT

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՋԱՎԱԽՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱՆ

Հայաստանը միշտ նշել է վրացական ղեկավարության պատրաստակամությունը, հնարավորության սահմաններում, լուծելու Սամցխե-Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական, տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման հարցերը, Վրաստանի հասարակական կյանքի մեջ այդ շրջանը ներգրավելու ջանքերը: Այդ մասին «Ֆրանս-պրես» գործակալությանն է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, «Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ վաղուց մշակված է, Վրաստանի քաղաքացի հանդիսացող, մեր հայրենակիցների հիմնախնդիրների անկեղծ քննարկման ավանդույթը, եւ մենք, որպես կանոն, գտնում ենք ամենաբարդ եւ ամենանուրբ խնդիրների լուծումները: Սամցխե-Ջավախքում բնակվող հայերը բազմաթիվ սոցիալ-տնտեսական դժվարություններ են կրում` դա այդպես է: Բայց նմանատիպ դժվարություններ են կրում նաեւ մյուսները: Դա Վրաստանում տիրող ընդհանուր իրավիճակի արտացոլումն է»: Սակայն չի կարելի թույլ տալ, որ Ջավախքի սոցիալական խնդիրները էթնիկական երանգավորում ստանան, ընդգծել է Հայաստանի նախագահը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: