Այսօր բացահայտ է` ով սկսի պատերազմը, նա, ամենայն հավանականությամբ, կպարտվի: Այդ մասին «Ֆրանս-պրես» գործակալությանն է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը: Նախագահը նշել է, որ 1994 թվականի մայիսին զինադադար կնքելու օրից ի վեր յոթ տարի շարունակ կողմերը աշխատել են պաշտպանական գծի ամրացման ուղղությամբ, այնպես որ «պատերազմ սկսողը շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնի ռազմական առումով»: Ռ.Քոչարյանի կարծիքով, պատերազմը նաեւ խոշոր քաղաքական պարտություն կդառնա այն սկսող երկրի համար: «Կարծում եմ, այն գործիչները, որոնք պատերազմի կոչեր են անում, պետք է իրենց հաշիվ տան նման քայլերի հետեւանքների համար, քանի որ, վերջ ի վերջո, պետք է պատասխան տան սեփական ժողովրդի առջեւ»,- ասել է Ռ. Քոչարյանը: Միեւնույն ժամանակ Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության մաս եւ չկան որեւէ իրավական հիմքեր նման որոշում ընդունելու համար: «Հայաստանը բազմիցս անգամ հայտարարել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի փոխզիջման սահմանների մասին` դրանք բավականին հստակ ընդգծված են»,- նշել է Հայաստանի ղեկավարը: Նախագահի կարծիքով, դա, նախ եւ առաջ, հակամարտության կողմերի հավասար իրավասուբյեկտության գաղափարն է: Երկրորդը` դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկլավային գոյության անհնարինությունն է: Եվ երրորդ սկզբունքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը` դրա համար հարկավոր են լուրջ երաշխիքներ միջազգային ընկերակցության կողմից, նշել է Հայաստանի ղեկավարը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: