Թուրք կանանց մի խումբ հրաժարվել է մարտի 8-ին նախատեսված այցից Հայաստան` վախենալով թուրքական իշխանությունների բացասական վերաբերմունքից: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Նա հերքել է թուրքական կողմի տարածած հաղորդագրությունը հայ-թուրքական համագործակցության կանանց խմբի գոյության վերաբերյալ, որի կազմում իբր ընդգրկված են մի շարք հայտնի հայ կանայք, այդ թվում եւ Հերմինե Նաղդալյանը: «2001 թվականի մարտին Հայաստանը եւ Թուրքիան փաստաթուղթ են ստորագրել համագործակցության վերաբերյալ` երկու երկրների միջեւ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու նպատակով, որը, սակայն, ոչ մի կապ չունի այն կեղծ փաստաթղթի հետ, որը հայտնվել է շրջանառության մեջ»,- ասել է Հ. Նաղդալյանը: Նրա խոսքերով, այսպես կոչված «հայ-թուրքական համագործակցության կանանց խմբի» գոյության մասին լրատվության հայտնվելը, որը իբր դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձեւը, ըստ որի կոչ է արվում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը, «բացահայտ կեղծիք է»: Հ. Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմը արդեն բողոքի նոտա է ուղարկել Եվրամիություն եւ Եվրոպայի Խորհուրդ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: