AM
3 November 2009 - 10:28 AMT

«ArmTech 2009»-ը հնարավորություն է աշխարհին ցուցադրել Հայաստանի հաջողությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում

«ArmTech 2009» խորհրդաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 5-8-ը Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) լավ հարթակ է հանդիսանում, որը թույլ կտա աշխարհին ցուցադրել Հայաստանի հաջողությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կառավարությանը կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Սա արդեն ArmTech երրորդ խորհրդաժողովն է: Այն հնարավորություն կտա մի տեղում հավաքել հայկական եւ արտասահմանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին եւ քննարկել այդ ոլորտի զարգացման ուղիների մասին», – նշել է Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով, խորհրդաժողովի շրջանակներում կքննարկվեն ոչ միայն ՏՏ , այլ նաեւ բարձրագույն կրթության, գիտության եւ նորարարության եւ այլն ոլորտի հարցերը:

«Խորհրդաժողովին կմասնակցեն 40-50 հայկական ընկերություններից մոտ 100 ներկայացուցիչ: Այդ միջոցառումը լավ հնարավորություն է մատուցել իրենց ծառայությունները եւՀայաստան հրավիրել ներդրողներին: Իհարկե մեկ օրվա մեջ արդյունքներ չեն լինի, սակայն եթե խորհրդաժողովից հետո մեզ հաջողվի հետաքրքրել 2-3 ընկերություն, ապա դա արդեն հաջողություն է», – ասել է խորհրդի գործադիր քարտուղարը:

Արմեն Գրիգորյանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը կարեւորում է «ArmTech 2009»-ը, եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց խորհրդաժողովի անցկացման համար: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը: «Մեզ համար այս խորհրդաժողովը` այլ երկրների հետ փորձի փոխանակման հնարավորություն է, եւ մենք ներկայումս աշխատանքներ ենք տանում դրա համար, որպեսզի հետագայում այդ խորհրդաժողովները անցկացվեն Ֆրանսիայում եւ ՄԱԷ-մ», – ասել է նա: