AM
13 March 2002 - 18:52 AMT

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՎԱԾԸ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՋԱՆՔԵՐՈՎ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՄՂՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԽՈՐՔԸ

Վերջին տարիներին հայ-վրացական պետական սահմանի մի հատված Ջիլիզիի անտառտնտեսության շրջանում վրացական կողմի ջանքերով ապօրինաբար մղվում է Հայաստանի տարածքի խորքը: Այդ մասին այսօր ասվել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի կոլեգիայի եւ ՀՀ Բնապահպանության նախարարության համատեղ նիստում: Հայ-վրացական սահմանի նշված հատվածը, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, խորհրդային տարիներից ի վեր անցել է անտառի եզրով, եւ Հայաստանի սահմանը սկսվում էր անտառով: Բաց հատվածը պատկանում էր Վրաստանին: Սակայն վերջին տարիներին վրացական կողմից կատարվող` ապօրինի ծառահատումները ետ են մղել անտառը դեպի Հայաստանի տարածք: Համապատասխանաբար ետ է քաշվել նաեւ Հայաստանի սահմանը: ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նիստի ընթացքում նշել է, որ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Վրաստանի իշխանությունների հետ` Հայաստանի սահմանամերձ անտառի ապօրինի ծառահատումների հարցը լուծելու նպատակով: Իսկ հայ ակադեմիկոսների կարծիքով, նախ եւ առաջ անհրաժեշտ է որոշել տվյալ հատվածում պետական սահմանի անցման գիծը, որից հետո սահմանել բուֆերային գոտին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: