«Մենք արդեն ներկայացրել ենք ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանին մեր հայտարարությունը, որում առաջարկում ենք խորհրդարանին վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի վերապահումներով», – Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով, այսօր այդ հարցը ավելի արդիական է, քնի որ Թուրքիան սառեցրել է վավերացման գործընթացը, եւ Սարգսյանի տվյալներով, թուրքական կողմը նույնպես պատրաստվում է հանդես գալ վերապահումներով: «Մենք կարծում ենք, որ առաջին հերթին վերապահումները պետք է վերաբերվեն երրորդ պետության գործերին չմիջամտելու մասին երկկողմ պարտավորվածությունների կետերին, որոնք տեղ են գտել Արձանագրություններում: Եթե Հայաստանը խորհրդարանի մակարդակով չանի այդպիսի հայտարարություն, ապա դժվարություններ կունենա ղարաբաղյան հարցում», – ընդգծել է Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, արդյո՞ք կարող է այդ գործընթացում ԱՄՆ-ն օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը, ազդել Թուրքիայի վրա Արձանագրությունների վավերացման գործընթացը արագացնելու համար, նա նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է այդ փաստաթղթերի շուտափույթ վավերացման մեջ, եւ այդ նպատակին հասնելու համար կարող է օգտագործել ճնշման տարբեր միջոցներ, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից մեծ հավանականություն ունի, սակայն «պետք է միշտ հիշել, որ ԱՄՆ-ն կդիմի այդ քայլին միայն այն դեպքում, եթե դա իր շահերից բխի»:






