ԱՊՀ երկրների տնտեսական տարածաշրջանի ինը իրավաբանական առաջատար ֆիրմաներ հայտարարում են CIS Leading Counsel Network (LCN) նոր արհեստավարժ ցանցի ստեղծման մասին, որը մեծացնելու է այդ արագ զարգացող տարածաշրջանում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները եւ մասնակից ֆիրմաներին թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել իրենց հաճախորդների հետ աշխատանքը` նրանց ազգային իրավասություններից դուրս: Այդ մասին ասվում է PanARMENIAN. NET-ին ուղարկված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ:
CIS Leading Counsel Network-ը միավորում է ինը իրավաբանական ֆիրմաների` Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINNA LLP), Բելառուսից, Ղազախստանից (Aequitas), Ղըրղզստանից (Kalikova &Associates), Մոլդովայից (Turcan & Turcan), Ռուսաստանից, Թուրքմենստանից եւ Ուկրաինայից (RULG-Ukrainian Legal Group):
«Ցանցը ղեկավարում է նախագահը, որն ընտրվում է մասնակից ֆիրմաների ղեկավարների կազմից հերթականությամբ, եւ իր նպատակն է համարում միջազգային մասնագիտական ստանդարտներին մասնակից ֆիրմաների փորձը նրանց շուկաներին համապատասխանեցնելը, որոնք գրավում են միջազգային ներդրումային միությունների ուշադրությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկ հովանու տակ միավորվելը այս զարգացող տարածաշրջանի համատեղ գործող աշխատանքային խմբերին հնարավորություն կտա ծառայություններ առաջարկել բոլոր հաճախորդներին: Մասնակից ֆիրմաների միավորումը նաեւ կընդլայնի իրավաբանական ֆիրմաների գործունեության տեխնիկական ապահովման, տվյալների կառավարման համակարգի եւ կադրերի պատրաստման ոլորտներում վերջին նվաճումների օգտագործման նրանց հնարավորությունները:
Բացի այդ ծրագրվում է LCN մասնակից ֆիրմաների իրավաբանների ամենամյա ուսուցման կազմակերպում, ինչպես նաեւ կանոնավոր կերպով անցկացվելու են սեմինարներ հաճախորդների հետ, նրանց իրավունք տալով տեղեկանալու ԱՊՀ տնտեսական ամբողջ տարածաշրջանում գործող ազգային շուկաների մասին:
1998 թ. հիմնված «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական շուկաների առաջատարն է: Գործակալությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական եւ ռազմավարական խորհրդատու եւ գործընկեր` պետական եւ մասնավոր սեկտորի, ինչպես նաեւ Հայաստանում եւ Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպությունների հաճախորդների համար: