Հայաստանի խորհրդարանական պատվիրակության վերջերս Սիրիա կատարած այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ինչպես տեղեկացրել է այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը, Սիրիայի նախագահ Ասադի հետ Հայստանի խորհրդարանականները քննարկել են, մասնավորապես, Թուրքիայի տարածքով հայկական ապրանքների Սիրիա արտահանման հնարավորությունը: Խոսնակի խոսքերով` տվյալ խնդրի լուծման համար Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել օգտագործել Դամասկի եւ Անկարայի բարեկամական հարաբերությունները: ՀՀ Ազգային ժողովի խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ Սիրիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հայ պատգամավորները քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: Խաչատրյանի խոսքերով` կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցելու կարեւորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը շոշափել են նաեւ հակամարտությունների կարգավորման հարցեր: Խաչատրյանը նշել է, որ թե հայ եւ թե սիրիացի պատգամավորները համակարծիք են գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորման տեսակետին: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցի վերաբերյալ, որը բխում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: