AM
9 November 2009 - 14:15 AMT

ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների խնդիրները կքննարկվեն Ծաղկաձորում

Նոյեմբերի 10-11-ըԾաղկաձորումգումարվելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Խորհուրդը, որը2008 թվականից նախագահում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների եւ հանձնարականների իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման եւ ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջեւ գաղտնի տեղեկությունների փոխանակման ու օգտագործման հարցերը:

Նիստի ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվելու են արժեթղթերի շուկաներում հաշվարկային համակարգը եւ արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, ինչպես նաեւ տեղեկատվություն ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին:

ԱՊՀ անդամերկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

Խորհրդի գործունեության հիմնական խնդիրներն են արժեթղթերի շուկաների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման խորացումը, արժեթղթերի շուկայի կարգավորման միջազգային չափանիշների ձեւավորման նպատակով համագործակցության ապահովումը, ԱՊՀ-ում կապիտալի շարժի հետագա ազատականացման համար պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի երաշխավորված եւ արդյունավետ պաշտպանության ապահովումը, եւ արժեթղթերի շուկայում արդյունավետ վերահսկման համակարգի ստեղծումը: