Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում նշվում է, որ Հարավային Կովկասը Եվրամիության համար կարեւոր ռազմավարական տարածաշրջան է համարվում: Փաստաթղթում արձանագրված է Եվրամիության հաստատ մտադրությունը` ամրապնդել իր քաղաքականությունը հարավ-կովկասյան տարածաշրջանում եւ առավելագույն չափով աջակցել դրական գործընթացներին: Մասնավորապես, խոսքը գնում է տարածաշրջանի մեծ բնաքաղաքական նշանակության մասին, որն իր հերթին նախատեսում է ներքին հակամարտությունների կարգավորում, ժողովրդավարության զարգացում, մարդու իրավունքների պահպանում, տնտեսական աճի օժանդակում, կաշառակերության վերացում եւ այլն: Բանաձեւում ընդգծվում է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը միջազգային հանրության աջակցման անհրաժեշտության մասին: Եվրամիությունը մտադրություն է հայտնում նաեւ գործնական քայլեր նախաձեռնել համաեվրոպական գործընթացներին Հարավային Կովկասի պետությունների ավելի ակտիվ մասնակցելու ցանկության կապակցությամբ: Եվրախորհրդարանը նպատակահարմար է գտնում Հարավային Կովկասի պետությունների համար Եվրամիության խորհրդում մշակել համընդհանուր, երկարաժամկետ համատեղ ռազմավարություն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: