AM
13 November 2009 - 10:13 AMT

Հայ ձեռնարկատերերը մասնակցել են «Եվրամիության հետ առաջարկվող առեւտրային շրջանակը» թեմայով սեմինարին

Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդակցությունների հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ ԵՄ խորհրդատուների խումբը կազմակերպել են աշխատանքային սեմինար հայ գործարարների համար, «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ առեւտրային ռեժիմի ներկա հնարավորություններին եւ ապագա փոփոխություններին ծանոթացնելու նպատակով: «Եվրամիության հետ առաջարկվող առեւտրային շրջանակը» թեմայով սեմինարին մասնակցել են Արդյունաբերողների եւ գործարարների միության, Արտահանողների միության, Առեւտրա-արդյունաբերական պալատի անդամները:

«Սեմինարի թեման Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների ներկա եւ ապագա ռեժիմներն են: Հայաստանի առաջիկա առեւտրային հարաբերությունների ռեժիմը ներկայացնում է իրենից ազատ առեւտրի գոտու համապարփակ մի ռեժիմ»,-Երեւանում լրագրողներին է հայտնել AEPLAC-ի ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը: Նրա խոսքերով, դա շատ երկար գործընթաց է, որն ըստ նախնական տվյալների, կարող է հինգ տարի տեւել:

Այս համատեքստում, Սեկարեւը նշել է, որ արդեն որոշված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է անցկացնի, մասնավորապես, հայ գործարարները պետք է իմանան ռեժիմի հիմնական դրույթները, ծանոթանան ԵՄ-ի տեխնիկական նորմերին ու չափանիշներին: «Հայաստանը պետք է բարձրացնի որակի հսկողությունը եւ բարեփոխումներ կատարի մտավոր սեփականության, ստանդարտացման եւ սանիտարական ու ֆիտո-սանիտարական հսկողության ոլորտներում , որպեսզի վերջիններս արդյունավետ լինեն եւ հնարավոր լինի թույլ չտալ, որ աղտոտված ապրանքը հայտնվի ազատ առեւտրի գոտում»,-ասել է Սեկարեւը:

Ա.Սեկարեւը նաեւ հավելել է, որ քանի որ հայ գործարարները, որպես կանոն, կիրառում են կարճաժամկետ բիզնես-պլանավորում, ապա այս սեմինարը թույլ կտա նրանց ընդլայնել պլանավորման հորիզոնը եւ անցնել նորին, ԵՄ-ի հետ առեւտրային հարաբերությունների ավելի բարձր մակարդակի անցնելու համար: