Միասնական Ադրբեջան Միավորման 50-ից ավելի ակտիվիստներ այսօր չթույլատրված ցույց են կազմակերպել Ադրբեջանում Իրանի դեսպանատան առաջ: Բաքվի տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ այդ ցույցը կազմակերպվել է ի բողոք «Թեհրանի վարչակարգի կողմից Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում «Ալով» հեռանկարային կառույցների հանդեպ պահանջախնդրության, Իրանի զինվորական նավերի կողմից Ադրբեջանի ծովային սահմանների սիստեմատիկ խախտումների, Իրանի սպառնալիքի Ադրբեջանի նավթային պահոցներին, ինչպես նաեւ հայ-իրանական համագործակցության զարգացմանը»: Իրանի հակաադրբեջանական գործողությունները եւ պլանները, ՄԱՄ-ի ակտիվիստների կարծիքով, պայմանավորված են Իրանի ադրբեջանական բնակչության ուժ հավաքող ազգային-ազատագրական շարժումով: Ցույցի մասնակիցները Իրանի դեսպանատան աշխատակիցներին հանձնել են բանաձեւ, որում, մասնավորապես, պահանջում են հրաժարվել Բաքվի հասցեին արված սպառնալիքներից, սառեցնել հայ-իրանական համագործակցությունը «մինչեւ Հայաստանի կողմից զավթված Ադրբեջանի տարածքի ազատումը», ճանաչել Իրանում էթնիկ ադրբեջանցիների ազգային իրավունքները` ներառյալ ազգային պետություն ստեղծելու իրավունքը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: